«Երբ ժողովրդի մեջ ցեղը չի շնչում, նա ծալում է արծվի իր թևերը։ Ժողովուրդը հայ հոգու մարտիրոս կողմն է, ցեղը` հերոսական։ Ժողովուրդը ներկան է, ցեղը` երեկը, այսօրը և վաղը։ Ցեղի ինքնությունը տեղի կունենա հերոսների, սուրբերի և լուսակիրների միջոցով»։
Գարեգին ՆԺԴԵՀ
Բարոյազրկման, ազգային արժեհամակարգի ու բարքերի ախտահարման այս խելահեղ ընթացքը, մի կողմից, ստեղծելով համատարած ամենաթողություն, Հայաստանի ներքաղաքական կյանքում այլասերված անառողջ մի հասարակարգի ձևավորման գլխավոր հիմքը հանդիսացավ, մյուս կողմից էլ` կոտրեց օտար բարոյահոգեբանական ներխուժմանն ընդդիմացող հայության հավաքական կամքը։ Հուսալքված ժողովրդի մի զգալի հատվածը պետության ապագայի հանդեպ արդեն կորցրել է վստահությունը, իսկ քաղքենիացած մի ստվար զանգվածի համար էլ օտարի տիրապետությունը դարձել է հոգեբանորեն ցանկալի և կենսական մի նոր պահանջ։ Պարտադրված օտարածին աշխարհայացքների ճնշման պատճառով աստիճանաբար նահանջեցին ազգային գաղափարներն ու դուրս դրվեցին պետության կենսագործունեության ոլորտներից։ Մինչդեռ արդեն ապագաղափարականացված հասարակությունը բացարձակապես չէր կարող դիմակայել օտար գաղափարների զանգվածային ինտերվենցիային։ Իսկ այդ հասարակությանը կարելի էր ավելի քան հեշտությամբ ուղղորդել ցանկացած ճանապարհով` դեպի ազգային ինքնության կորստի, դեպի ցեղի փչացման ու համատարած ոչնչացման։
Ժամանակակից Հայաստանի չափանիշներն այլևս համապատասխանեցված են գաղութացված երկրի չափանիշներին, որն իբրև պետություն կառավարվում է օտարամոլ իշխանավորների նորաստեղծ այլասերման բարքերի և օտարի ներմուծած օրենքների ու արժեհամակարգերի չափորոշիչներով։ Մինչդեռ ազգային պետությունը պիտի հանդիսանար մարդու` իր ցեղային տեսակի, մարմնի և ոգու ամբողջությունը։ Ազգային պետության պահպանման կարևորությունն ավելին պետք է լիներ, քան միջազգային գլոբալ արժեհամակարգերի ընդունման անհրաժեշտությունը։ Իշխանությունները պիտի հասկանային, որ ո՛չ ժամանակակից քաղաքակրթության կանոնները, ո՛չ էլ միջազգային որևէ բանաձևումներ անհամեմատելի են սրբագույն հայրենիքի պաշտպանության ու ազգային դասական գաղափարախոսության պահպանման հրամայականի հետ։
Ազգերը, որոնք ժամանակակից քաղաքակրթության տարբեր պահանջների և պարտադրումների արդյունքում հակված են ընդունելու և առաջնորդվելու օտար արժեհամակարգային չափորոշիչներով, վերջնականապես դատապարտված են գաղափարական չգոյության, բարոյական ոչնչացման, աշխարհընկալման և իմացական աղքատության։ Ազգի ոչնչացումը սկիզբ է առնում հենց ցեղային ոգու հեռացումից, բարքերի այլասերումից, աստվածադրոշմի ապականումից և գոյության հավերժական տարածության անէացումից։ Նրանք մահանում են որպես ազգ իրենց իսկ հարազատ բնօրրանով` դադարելով այլևս կյանքի հավիտենականության մեջ արարչական ու աստվածամարդ լինելուց։ Այսպիսին են ժամանակակից սպառված քաղաքակրթության պահանջներն ու զարգացումները, որոնք ուժի և տարաբնույթ ճնշումների միջոցով խախտում են ազգերի և ժողովուրդների հոգևոր, ավանդական և գաղափարական հավասարակշռությունը։
Որպես ընդունված կանոն, քաղաքակրթությունը զարգացում է, առաջադիմություն և բնության կենսական պահանջ։ Սակայն եթե ազգի զարգացումն ու առաջընթացն էներգետիկական իմպուլսներ չստանան ավանդականության, ցեղային ոգու և նրա արարչական ակունքներից, ապա այն, տրանսֆորմացիայի ենթարկվելով, մահացու վարակի պես տարածվելով կապականի ժողովուրդների, ազգերի և մարդու կացութաձևերն ու հոգին։ Ժամանակակից քաղաքակրթության արմատները` կոպիտ նյութապաշտական աշխարհայացքը, կեղծ մշակույթը, շահամոլությունն ու անհանդուրժողականությունը, հանգեցրել են աշխարհի ժողովուրդներին պարտադրված գլոբալիզացման` ապրանքափոխանակման և ֆինանսական սահմանների ջնջման, առողջապահական, կրթական, մշակույթի, ինչպես նաև ազգային բարքերի, արժեքների և կենսական ռեսուրսների` օդի, ջրի և այլնի վաճառականացման, միջազգային իրավունքի և օրենքների կամայական կիրառման և այլն։ Աշխարհն աստիճանաբար հատել է սոցիալ-տնտեսական, գաղափարաբանական, էկոլոգիական և բարոյական աղետի վտանգավոր սահմանագիծն ու սպառել հարատևման իր էներգետիկ միջուկը։ Խախտվել են տիեզերքի բարոյական օրենքները, որոնց ներքին հոգևոր շրջապատն ախտահարված է ժամանակակից կեղծ արժեհամակարգերով։
Մինչդեռ ցեղային ոգու իմաստավորումն է մեզ հեռացնում և ազատագրում ժամանակակից սպառված քաղաքակրթության կարծրացած վիճակից և մեր էներգետիկական ինքնահոս մասն ուղղորդում մեր էթնոսի շարժմանը դեպի ոգեղեն կյանք, դեպի բարձրագույն ձգտում` ձգտումը Աստծուն։ Եթե ցեղի ոգեղեն շունչն ի հայտ է գալիս միայն տկարացած ազգի վտանգի ժամին և զորացնում է ազգն ու գոտեպնդում նրան, ապա բարձր հոգևոր ազգը, որպես առաջնակարգ մշակույթ կրող, առաջնորդվում է միայն ցեղային ոգու խորհրդով, ցեղային ներքին զորությամբ, ուստի և թույլ չի տալիս վտանգի հանդեպ ազգի տկարացում։ Ներքին զորությունը ցեղի ոգու անբիծ բարոյականության արմատն է ու ակունքը, ոչ թե ավանդական բարքերի արհամարհանքը, անտեսումն ու ժամանակակից այլասերումը։
Մենք` հայերս, որպես առաջավոր Ասիայի բարձր հոգևոր ազգ և որպես առաջնակարգ մշակույթ կրող, առանձնանում ենք մեր ցեղային անմահ ոգով։ Ցեղային ոգու աշխարհընկալումը մեր ազգի աշխարհիկ ոգու ձեռնավարումն է և նյութեղեն աշխարհի վրա հավասարակշռող չափանիշը, որն իր արարչական առաքելությունը ծառայեցնում է միայն ու միայն բարձրագույն նպատակին` աստվածայինին։ Մեր ազգի գաղափարախոսությունը մեր ցեղային ոգու ինքնաճանաչման կենսական զգացումն է, որը ճանաչվում է միայն ազգային ինքնության ու նրա ինքնաճանաչման գերագույն ակտում և, որպես ապրող երևույթ, արտահայտում է ցեղի նախապատմական աստվածային ֆենոմենը։ Մենք` հայերս, մեր պատմական տարածքով, էթնոսով, մշակույթով և հոգևոր միսիայով, առանձնանում ենք նաև որպես միակամ հիերարխիա։ Մեր ազգի հոգևոր միսիան մեր ազգի շարժման մոդուսն է դեպի Աստված, դեպի լույսը, հենց այս` Հայկական բարձրավանդակի տարածքում։
Եվ ահա, հենց այստեղ, Հայկական բարձրավանդակի վրա սփռված հայկական սրբագույն մշակույթի, հայկական էթնոսի և հայկական ոգեղեն արժեհամակարգի միաձույլ տարածքում է գաղտնագրված հայ ազգային գաղափարախոսության ու վերածնության ծրագիրը։ Յուրաքանչյուր ընտրյալ, որն ունի ցեղային ոգու, արարչական հրաշունչ մշակույթի և հոգևոր Հայաստանի միաձույլ շունչը, նա էլ կրում է հայ ազգային գաղտնարանի կոդերը, որոնք դարերի խորքից բյուրեղացած և մեզ ժառանգաբար փոխանցված Աստվածացեղի անմահ ոգու պատգամն են։ Միայն մեզ է տրված միակ պահապանի ու մշակի, կյանքի կոչելու և արարելու բացառիկ իրավունքը։ Միայն մեզ է տրված սեփական գոյությունը զոհաբերելու սրբագույն պատրաստակամության անհրաժեշտությունը, ապահովելու համար մեր տեսակի հավերժությունն ու հայոց վերածնության ծրագիրը։ Մինչդեռ ամեն մի պատրաստակամությամբ զոհաբերվող ընտրյալի ժառանգական էներգետիկ միջուկն անվթար է, հավերժ և տիեզերական անսահմանության մեջ անսպառ։ Ամեն մի ընտրյալի ինքնազոհաբերումը մի նոր սկիզբ է հավերժության ու մի նոր ժայթքած ակունք անմահության։
Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
ՀՅԴ «Դրո» գործով մահապատժի դատապարտված